ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՇՂԹԱՆԵՐ», ԿԱՄ «ԽԱՎԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ՇՂԹԱՆԵՐ», ԿԱՄ «ԽԱՎԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
02.04.2010 | 00:00

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երիտասարդ բեմադրիչ ՅԱՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ իրականացրեց պոետ և նկարիչ Անրի Միշոյի «Շղթաներ» պիեսի բեմադրությունը:
Ներկայացման հիմքում ծնող-երեխա հարաբերություններն են, ընդհանրապես` մարդու վարվելակերպն ու ապրելակերպը, նրա վերաբերմունքն առ Աստված: Միշոյի պիեսը հոգեհարազատ է բեմադրիչին, և հասկանալի է` ինչու. տրված է մտածելու և երևակայելու հնարավորություն։ Հեղինակը խավարով ու տագնապով է լցնում սիրտդ, ճողոպրելու տարբերակներ առաջարկում ու դրա հետ մեկտեղ հրամցնում «դաժանության թատրոն»:
Բեմադրությունն առանձնանում է մինիմալիզմով. չորս կերպարներից (Աղջիկ, Տղա, Սատանա, Աստված) և աստիճանից զատ, բեմում ուրիշ ոչինչ չկա: Տիկնիկավարը (Աստված) խաղացնում է փոքրիկ մարդուկին, ապա բեմ է մտնում փոքրիկ տիկնիկի մեծ տեսակը` այս դեպքում արդեն` Մարդը, իսկ ավելի կոնկրետ` Տղան, որն ինքնամոռաց սիրահարված է Աղջկան ու հանուն նրա պատրաստ է ապտակելու սեփական հորը` Աստծուն: Տղան (Աղասի Մելքոնյան) կապված է երկու ձեռքով, բայց ոչ շղթաներից, այլ ամուր մի լարից, կարելի է մտածել` աշխարհի պորտալարից, որից դեռ չի անջատվել մարդը: Բայց կուրորեն, հանուն ինչ-որ հրեշավոր արարածի` կնոջ, պատրաստ է քամահրելու իր Հորն ու հեռանալու` չմտածելով, որ ամեն քայլի համար պատասխան պետք է տալ:
Ինչպես միշտ անում ենք շատերս` հուսով, որ Տերն անպայման մեզ կների:
Իսկ աղջնակը (Ռիտա Խալաթյան)` արտաքնապես գեղեցիկ, ժպտադեմ, ներքուստ` դիվային ու անկառավարելի, տեսել է իր տանն ամենակեղտոտ հարաբերություններն ու անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչն իր շահերից չի բխում: Ռեժիսորը կերպարի վարվելակերպն արդարացնող միջոց է գտել` բեմ բերել աղջկան` կապած աչքերով: Իսկապես, սպառիչ պատասխանն է աղջնակի բոլոր արարքների։ ՈՒ մեղավորը նա չէ, որ տղային այդպիսի գին է առաջարկում իրեն սիրելու համար (ոչ ֆիզիկապես): Այս մութ աշխարհում մարդը կուրացել է ու սովորել խավարին: Իսկ ի՞նչ մտածել տղայի մասին, եթե իր զգացմունքի պատճառով պատրաստ է կուրորեն հետևելու մեկ ուրիշին: Ասում են` ճահճում խորտակվողին փորձելով օգնել` հնարավոր է ինքդ էլ խորտակվես: Այս տարբերակը, ասես, հենց այս ներկայացման մասին է: Թեև ռեժիսորը, որպես վերջաբան, ինքն է բեմ բարձրանում ու երեք նարինջ առաջարկում ձեզ: Դե, դուք էլ հիշեք հեքիաթի երեք խնձորի, ներեցեք, երեք նարնջի խորհուրդն ու հետևություն արեք:
Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ